Բլինքենը Ալիևին կոչ է արել արագացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։


Բլինքենը կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել հետագա փոխգործալցությանը «կողմերի համար օգտակար ցանկացած ձևով»:

«Պետքարտուղարը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման վրա՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, և կոչ արել շատ կարճ ժամկետներում ազատ արձակել բոլոր անօրինական կալանավորվածներին»,- ասվում է հայտարարության մեջ:


Ընդգծելով երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ պետքարտուղարը նշել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունը կլիմայական և էներգետիկ ընդհանուր խնդիրների իրագործման հարցում։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կազմակերպչական աջակցություն ցուցաբերել COP29 համաժողովի բարեհաջող անցկացման համար։


 Բլինքենը նաև կոչ է արել «թարմացնել և ամրապնդել» երկկողմ հարաբերությունները Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև։